Վրաստանի ընդդիմադիր «Լելո» քաղաքական խմբի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները և անդրադարձել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
ՀՀ դեսպանը խորհրդարանի անդամին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակի մասին։ Ուսուփաշվիլին հարևան երկրներին առաջարկել է բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։
«Վերսկսված զինված հակամարտությունները խնդիրներ չեն լուծում։ Վրաստանը միշտ հարգել է տարածքային ամբողջականությունը և միաժամանակ կոչ է անում բոլոր երկրներին` պաշտպանել սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության սկզբունքները։ Մաղթում եմ, որ թե՛ մեր հարևան երկրներին, թե՛ երկու ժողովուրդներին բանակցությունների միջոցով լուծեն առկա խնդիրները»,- հանդիպումից հետո ասել է Ուսուփաշվիլին։