
Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալվել է ընդդիմադիր «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նրան մեղադրում է ոստիկանի պահանջին չենթարկվելու համար։
Խասաիան տարվել է խորհրդարանի հարակից տարածքից։ Մինչ այդ ոստիկանությունը պահանջել էր խուզարկել նրա պայուսակը` ասելով, որ դա «արտաքին խուզարկություն» է: Խասաիան համաձայնել էր իր պայուսակը ստուգել դրսից, որը նշանակում է «արտաքին զննում»: Նա փորձել էր պարզել, թե ինչու են պահանջում խուզարկել իր պայուսակը, ինչից հետո նրան հանկարծակի ձերբակալել են։
Սկզբում դեպքի վայրում գտնվող ոստիկանները լրագրողներին հայտնել են, որ Խասաիային տանում են ոստիկանական բաժանմունք` բերման չեն ենթարկում։ Ավելի ուշ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակտիվիստը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով։
Այսօր՝ մարտի 31-ին, Թբիլիսիում նախատեսվում է լայնածավալ ցույց՝ կրկին նոր ընտրություններ անցկացնելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակման պահանջով։
Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի վերջն այլևս օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։