Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական ոտնձգությունների կամ այլ տեսակի իրավունքների ոտնահարման են ենթարկվել։ Հայտարարությունը ստորագրել են Անա Նացվլիշվիլին, Թեոնա Ակուբարդիան, Խատիա Դեկանոիձեն, Անա Բուչուկուրին, Խաթունա Սամնիձեն, Անի Ծիթլիձեն, Սալոմե Սամադաշվիլին, Թամար Կորձայան։
Պատգամավորները պահանջում են քննչական մարմիններից ուսումնասիրել և իրավական գնահատական տալ հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս և ենթադրյալ ոտնձգությունների փաստերի վերաբերյալ կառավարչական թիմի ղեկավարների հայտարարությունները, որոնց մասին վերջին օրերին խոսել են ևս 4 կանայք։ Նրանք նաև հրապարակայնորեն մերկացրել են Շալվա Ռամիշվիլիին, որը ոտնձգությունների համար արդեն դատապարտվել է Թաթիա Սամխարաձեի գործով երկու ատյանների դատարանների կողմից։
Վերջին օրերին իշխանությունները դուրս են եկել լռության այն փուլից, որը մենք տեսել ենք այլ դեպքերում, և բացահայտորեն աջակցում են հետապնդողներին, իսկ բռնության և խտրականության բոլոր զոհերին հորդորում են լռել։ Մեզ համար հատկապես անընդունելի է, որ կառավարության ներկայացուցիչներն օգտագործել են խորհրդարանական ամբիոնը՝ այս հաղորդագրությունը տարածելու համար։ Նաև անընդունելի է խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի նախագահի դիրքորոշումը, որը հատուկ պատասխանատվություն է կրում ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության իրավական դաշտի բարելավման, այլև օրենքների գործնական կիրառման համար համապատասխան միջավայրի ստեղծման համար»,- նշված է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ընդդիմադիր «Լելոն»։
Նրանք նաև Վրաստանի հանրային պաշտպանին կոչ են անում հայտնել իր հրապարակային դիրքորոշումն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ.
«Միաժամանակ կոչ ենք անում նրան իրականացնել օրենքով և իր մանդատով նախատեսված իրավական պատասխանը՝ պաշտպանել Թաթիա Սամխարաձեի իրավունքները, քանի որ խտրականությունն արգելող օրենսդրության շարունակական խախտում է տեղի ունենում։ Մասնավորապես, Թաթիա Սամխարաձեն հետապնդվում է իր հանդեպ սեռական ոտնձգության փաստը բացահայտելու և դատարանում վեճը շահելու համար»: