Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց։
Մայիսի 16-ին կայացված որոշմամբ՝ դատավորը Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։
Դատավորը Գվարամիային առաջադրված մեկ այլ մեղադրանք որակեց Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ապօրինի յուրացում) և այս մասով Գվարամիան պարտավոր է պետական բյուջե 50 հազար լարի տուգանք վճարել։
Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։
Նույն գործով «Ռուսթավի 2»-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիան մեղադրվում է «Ռուսթավի 2»-ին պատկանող գույքն ապօրինի յուրացնելու մեջ՝ խմբակային, նախնական պայմանավորվածությամբ իր պաշտոնական դիրքն օգտագործելով։
Նշենք, որ 2019-ից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական:
Գվարամիան երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ: