Ընդդիմադիր գործիչը բերման է ենթարկվել

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում՝ Վակեի այգու մոտ, ոստիկանությունը բերման է ենթարկել «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեին։ Ջափարիձեից բացի բերման են ենթարկվել միխումբ քաղաքացիներ, հստակ թիվը դեռ հայտնի չէ:

Ականատեսները պատմել են՝ ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել, պատսպարված ցուցարարենրին:

Ցույցի մասնակիցները պատսպարվել են շենքերի շքամուտքերում և բակերում, սակայն դա նրանց համար ապահով վայր չէր. դիմակավորված անվտանգության ուժերը ստուգել են մուտքերը, բռնության ենթարկել խաղաղ ցուցարարներին։

Հանրահավաքի մասնակիցները շարժվել են Վակեի Ճավճավաձեի պողոտա այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է բիրտ ուժ կիրառել Ռուսթավելիի ցուցարարների նկատմամբ և հետապնդել նրանց:

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի, այն ցրվեց հատուկջոկատայինների բիրտ ուժով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին: ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։