Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշոց է տեղի ունեցել:
Առկա տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է Թբիլիսիի Վակեի այգու շատրվանների ավազանում տեղի ունեցած միջադեպի քննարկման շուրջ, որը վերաճել է քաշքշոցի:
Ընդդիմությունը դժգոհություն է հայտնել, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի ներկայացել սակրեբուլոյի արտահերթ նիստին՝ խույս տալով պատասխանել ողբերգության վերաբերյալ ընդդիմության հարցերին։
Մեծամասնության ներկայացուցիչներն էլ նշել են, որ ընդդիմությունը փորձում է քաղաքականացնել Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունը՝ շահարկելով այն:
Սակրեբուլոյի այսօրվա նիստում իրավիճակը մի քանի անգամ լարվել է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:
Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: Այգու շատրվանների վրա «Գրինսերվիս+» ընկերությունը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը նվազ ծանր կամ ծանր վնասի։