Թբիլիսիի Գլդանի թաղամասում ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեին։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իրակլի Նադիրաձեն։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության համաձայն՝ Էձգվերաձեն կալանավորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հիման վրա` մանր խուլիգանություն և ոստիկանության պահանջին անհնազանդություն։
«Ընդդիմության դեմ Իրակլի Կոբախիձեի սպասվելիք բռնությունների մասին հայտարարությունից հետո ձերբակալվել են ՄԱՇ շարժման քաղաքական խորհրդի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի երկու անդամներ` Իրակլի Նադիրաձեն և Իրակլի Էձգվերաձեն»,- հայտարարել են ՄԱՇ-ից:
Ըստ կուսակցության հայտարարության՝ ոստիկանները բռնության են ենթարկել իրենց մի քանի կողմնակիցների։ ՄԱՇ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: