Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում գնաճը նվազելու է մինչև 3 տոկոս։ Սակայն, միաժամանակ Խուցիշվիլին ընդգծում է, որ տարածաշրջանում դեռ տնտեսական և քաղաքական ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով դժվար է հստակ ասել, թե ապագայում գնաճը ինչպիսի պատկեր կունենա։
«Չնայած գնաճը բավականին բարձր է մնում, վերջին երկու ամիսներին սկսել է նվազել։ Բնականաբար, դա կախված է ապրանքների միջազգային գներից։ Մենք տեսնում ենք, որ FAO-ն, որը պարենային ապրանքների գների ինդեքսն է, վերջին 3 ամսվա ընթացքում նվազման միտում ունի», — ասել է Լաշա Խուցիշվիլին։
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին նվազում է նկատվել նավթի ու վառելիքի շուկայում, որը որոշ ժամանակ անց Վրաստանում կարտացոլվի գների մակարդակի վրա։
«Կարծում ենք, որ ապրանքների էժանացման ցուցանիշը, որն այսօր առկա է, կշարունակվի։ Սակայն բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, թե ինչ աշխարհաքաղաքական ռիսկեր կան տարածաշրջանում, և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ տնտեսական հեռանկարներ են սպասվում։
2023 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը պետք է մոտենա նպատակային 3 տոկոս ցուցանիշին», — ասել է Լաշա Խուցիշվիլին։
Նշենք, որ օգոստոսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 10,9 տոկոս։