Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3 + 3» ձևաչափին, սակայն Վրաստանը պետք է ներկայացված լինի ցանկացած խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում:
Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարարն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջանում «3 + 3» նոր ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ նկատի ունի` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա:
«Այս խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինենք, բայց ոչ պետական շահերի և որոշ զիջումների հաշվին. երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է», — ասել է Զալկալիանին:
Ըստ նրա` երբ որևէ առաջընթաց չկա` Աբխազիայից և Ցխինվալիից (Հարավային Օսիա) ռուսական զորքերի դուրսբերման հարցում, «շատ դժվար է նստել այս ձևաչափով և խոսել ինչ -որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ քննարկվել է «3 + 3» ձևաչափ ստեղծելու հավանականությունը:
Լավրովը նշել է, որ Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է հայ գործընկերների հետ: Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Վրաստանը, չնայած իր առջեւ ծառացած խնդիրներին, կկարողանա տեսնել իր շահագրգռվածությունը նման մեխանիզմ ստեղծելու հարցում:
Հիշեցնենք` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ խզվել են վրացական կողմի նախաձեռնությամբ` 2008 թվականի օգոստոսյան պատերազմից և Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանության ճանաչումից հետո: