Ժնևի միջազգային քննարկումներում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ Կոնստանտին Կոչիևը Թբիլիսիի քաղաքականությունն անվանել է «ձեռնպահ մնալու ու կանխատեսելի»:
Օսական Res գործակալության փոխանցմամբ՝ Կոչիևն այդ մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Կոչիևի՝ թեև արտաքին գործընկերները Թբիլիսիին հորդորում են ուժ կիրառել ռազմավարական նպատակներով, սակայն վերջին ամիսներին Վրաստանի կողմից որոշակի «ձեռնպահ մնալու և կանխատեսելի» քաղաքականություն է նկատվել, ինչը Կոչիևի կարծիքով մասամբ լավատեսական է՝ ուժի չկիրառման մասին համաձայնագրի մշակման հարցում:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, դիմել է օկուպացված տարածքներում բնակվող քաղաքացիներին և ասել, որ Վրաստանը մտադիր չէ տարածքները վերադարձնել «պատերազմով և ուժով»։