Ձերբակալվել է ԹՊՀ երեք ուսանող

Փաստաբան Էլգուջա Ավսաջանիշվիլիի խոսքով՝ փետրվարի 6-ին, ժամը 03:00-ի սահմաններում վարչական կարգով Ճավճավաձեի պողոտայում ձերբակալվել են ուսանողներ Աչի Գոչիտաշվիլին, Լուկա Խիզաձեն և Գիորգի Բարբաքաձեն։ Նրանք մեղադրվում են Վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու համար` անհնազանդություն իրավապահի օրինական պահանջին։ Այս տեղեկությունը փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանը։

Աչի Գոչիտաշվիլին, Լուկա Խիզաձեն և Գիորգի Բարբակաձեն Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողներ են։ Փաստաբանի խոսքով՝ քննչական վարկածի համաձայն, նրանք ձերբակալվել են ստենսիլներ (կաղապար է` որի միջոցով պատկեր կամ գրություն են տեղափոխում մակերեսի վրա) պատրաստելու ընթացքում։

Փաստաբանի խոսքով՝ ինքն արդեն այցելել է իր պաշտպանյալներին Դիղոմիի քննչական մեկուսարանում։

71 օր է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ բողոքի ցույցեր՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Ձերբակալված ուսանողները ևս բողոքի ակցիաների մասնակիցներ են։