Ձերբակալվել է կեղծ ահազանգի համար

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է մոտ 30 տարեկան տղամարդու, ով մեղադրվում է առևտրի կենտրոնում պայթուցիկ նյութերի առկայության մասին կեղծ հաղորդում տալու մեջ։ Նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում։

ՊԱԾ-ը տղամարդուն ձերբակալել է երեկ՝ հունիսի 20-ին, արևմտյան Վրաստանում: Ըստ տեղեկության՝ այս տարվա մայիսի 6-ին ձերբակալվածը հաղորդում է տվել Բաթումի քաղաքի խոշոր առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարքի առկայության մասին:

Այս և տասնյակ այլ փաստերով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով:

«Պարզվել է, որ հաղորդագրությունների մեծ մասը ուղարկվել է օտարերկրյա պետություններից։ Նույնականացվել են կոնկրետ երկրներ, էլեկտրոնային և IP հասցեներ»,- հայտնել են ՊԱԾ-ից:

Ի դեպ, մի քանի ամիս առաջ Վրաստանում անձ էր ձերբակալվել՝ պայթուցիկ սարքի առկայության մասին սուտ հաղորդման համար։ Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 14-ին Wizz Air ավիաընկերության թեժ գիծ էր զանգահարել 28-ամյա մի երիտասարդ՝ անչափահաս բարեկամի հեռախոսով և հայտնել, որ Քութայիսի-Բարսելոնա չվերթում պայթուցիկ սարքեր կան։ Այդ պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Քութայիսիի միջազգային օդանավակայանում։