Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են քաղաքացու, ով փորձել է «վաճառել» իրականում գոյություն չունեցող բնակարաններ։
Ըստ հայտարարության՝ հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը, ով ղեկավարում էր մի քանի ընկերություն, խաբեությամբ միջոցներ հայթայթելու նպատակով տարբեր կայքերում գովազդ է տեղադրել Թբիլիսիի թաղամասերում բնակարաններ վաճառելու մասին։
«Բնակարան գնելու ցանկություն ունեցողներին ցույց է տվել այն տարածքները, որտեղ պետք է սկսվեն բնակելի շենքերի շինարարությունը»,- նշում են քննչական ծառայությունից։
Խարդախության դիտավորությունը քողարկելու նպատակով մեղադրյալը կնքել է նաև բնակարանների առքուվաճառքի մասին համապատասխան պայմանագրեր, որոնք հետագայում վավերացվել են նոտարական կարգով։
Ըստ հաղորդագրության՝ մեղադրյալը ձերբակալվել է բնակարան գնելու հարցով շահագրգիռ անձանցից մեկից խաբեությամբ 30.000 դոլար ստանալիս, թեև նրա կողմից խաբեությամբ ձեռք բերված ընդհանուր գումարը շատ ավելի մեծ է , կազմում է կես միլիոն դոլար։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։