Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է, որ սույն թվականի մարտի 7-ին և 8-ին խորհրդարանի հարևանությամբ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ օրենսգրքով սահմանված կարգով ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից մի քանիսի գործը ներկայացված է եղել դատարան, իսկ մյուսներն ազատ են արձակվել նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանալու հիմքով։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, ՆԳՆ-ում մարտի 7-8-ը տեղի ունեցած բռնի իրադարձությունների առնչությամբ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։
Ի դեպ, խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան վերսկսվել է։ Ցույցը բազմամարդ է։ Ռուսթավելիի պողոտան կաթվածահար է։ Ցուցարարները վանկարկում են «Չենք հավատում», այդպիսով բողոքելով իշխող կուսակցության հայտարարության դեմ։
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, մարտի 7-8-ը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 133 մարդու։
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը: