«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին քրեական մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հետաքննության վարկածի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվում է բռնության համար, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Դուշեթիի քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա։ Նշված տեղեկությունը Formula լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել է ձերբակալվածի կինը։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ալեկո Էլիսաշվիլին ծեծի է ենթարկվել և վնասվածքներ է ստացել։ Հավանաբար, նա ունի նաև կողոսկրերի կոտրվածք։
Այս պահին Էլիսաշվիլին հետազոտվում է, նրա դեմքին կապտուկներ ու քերծվածքներ կան։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Էլիսաշվիլին հարձակվել է «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի նախագահ Ալի Բաբաևի վրա։ Ըստ առկա տեղեկությունների, նրա ձերբակալության պատճառն այս փաստն է։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի Կոստավայի
փողոցում գտնվող դեղատներից մեկի տարածքում Ալեքսանդր Էլիսաշվիլին հարձակվել է
«Վրացական երազանք» կուսակցության անդամ Ա.Բ.-ի վրա [Ալի Բաբաև — Ռ.Թ.]` ծնված 1954 թ., կուսակցական հայացքների պատճառով ֆիզիկական բռնության է ենթարկել նրան»,- ասված է ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում։
Վրաստանի հանրային պաշտպանն անդրադարձել է էլիսաշվիլիի ձեռբակալման հանգամանքին: Ըստ Լևան Իոսելիանիի` ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել Ալեկո Էլիսաշվիլիին ձերբակալելիս։ Նրան ծեծել են։ Իոսելիանին ասել է, որ դրա մասին արդեն հայտնել է քննչական ծառայություն։
«Մենք երեկ այցելեցինք նրան։ Նա վնասվածքներ ունի դեմքին կապտուկների և քերծվածքների տեսքով։ Ոստիկանության կողմից Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ անհարկի վերաբերմունքի մասին արդեն տեղեկացրել ենք Հատուկ քննչական ծառայությանը։ Հետաքննությունը կվերահսկվի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից»,- ասել է Իոսելիանին։
Համայնքային և հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը օգտագործում է էթնիկ փոքրամասնությունների «կեղծ» ներկայացուցիչներին՝ իրենք քաղաքական նպատակների համար:
«Ակնհայտ է, որ էթնիկ փոքրամասնությունների այն ներկայացուցիչները (որի մաս է կազմում նաև Ալի Բաբաևը), որոնք սպասարկում են այսօրվա անօրինական ռեժիմի շահերը՝ օգտագործում են տվյալ ռեժիմը քաղաքական նպատակներով: Նման կերպ նրանք փորձում են ճնշում գործադրել քաղաքական ուժերի դեմ: Դրա վառ օրինակն է հենց Ալի Բաբաևը, որը պատճառ է դարձել, որ ձերբակալվի ընդդիմադիր առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին»,- ընդգծեց Թումասյանը:
Նրա խոսքով, պետության ընդհանուր իրավիճակը շատ ծանր է. Վրաստանի իշխանությունը դուրս է եկել սահմանադրական ուղուց. խախտվում է Վրաստանի սահմանադրությունը, օրենքները, այդ թվում` հակաօրինական գործողություններ են վարում նաև ոստիկանական ուժերը:
«Այսօր Վրաստանում իրավիճակը նման է 1937 թվականին, որտեղ կատարվում էին ռեպրեսիաներ և «կարմիր ահաբեկություն»»,- հավելեց հասարակական գործիչը: