Ձերբակալել են «Բաթումելեբի» լրատվամիջոցի տնօրենին

Հունվարի 11-ի գիշերը Բաթումիում ձերբակալվել է «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին. վերջինս ձերբակալվել է Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչությունում տեղի ունեցած ցույցին մասնակցելու ժամանակ։

Ամաղլոբելին ձերբակալվել է «Վրաստանը գործադուլ է անում» գրությամբ պաստառ փակցնելու համար: Նշվում է` Ամաղլոբելիին ազատ են արձակել, հետո կրկին ձերբակալել։

Ամաղլոբելին «Գազեթի Բաթումելեբի» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, որը միավորում է երկու լրատվամիջոցների՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի»:

Ըստ վերջին տեղեկությունների` Ամաղլոբելին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` հարձակում ոստիկանի, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի կամ պետական ​​այլ ներկայացուցչի կամ հասարակական հիմնարկի վրա։

Տեղեկությունն ի սկզբանե տարածել է «Բաթումելեբին»՝ հիմք ընդունելով քննիչի կողմից ձերբակալվածի ընտանիքին տրամադրված տեղեկությունները, մի քանի րոպե անց փաստաբանները հաստատել են դա։ Այս հոդվածով ձերբակալված անձը պատժվում է 4-7 տարի ազատազրկմամբ։

Հունվարի 12-ին Թբիլիսիում՝ կառավարության շենքի մոտ, անկախ լրատվամիջոցները, մասնագիտական ​​կազմակերպությունները և ԶԼՄ-ների իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել Բաթումիում կալանավորված Ամաղլոբելիին։

«Ազատություն ռուսական ռեժիմի քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիին: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան», — պահանջել են ցուցարարները: