Թբիլիսահայ Հովհաննես Շահնազարյանը սովորում ու բնակվում է Իտալիայի Պեզարո քաղաքում:
Ջոակինո Ռոսսինիի անվան կոնսերվատորիայի սանն արդեն 20 օր է տանն է փակված՝ 100 հազարանոց քաղաքի բոլոր բնակիչների նման: Պեզարոյի փողոցներն ամայացել են. Հատ ու կենտ մարդիկ կամ խանութ, կամ էլ դեղատուն են շտապում, այն էլ պետք է հասցնեն մինչև 18:00-ն: Դրանից հետո ամեն ինչ փակ է, իսկ երեկոյան ու գիշերային ժամերին արգելված է փողոցում երևալը: Սա բացատրվում է նրանով, որ օրվա ցուրտ ժամերին վարակի տարածման հավանականությունն ավելի մեծ է: Եթե առանց պատճառի ու բացատրության տնից դուրս գաս, տուգանք ես վճարում, զբոսանքը կրկնելու դեպքում 3 ամիս կարանտինը կշարունակվի բանտում: Հովհաննեսն ասում է՝ տեղի հայերից տեղեկություններ ստանում է, լավ են:
«Ես այսօր տանն եմ նստած՝ ոչ այն պատճառով, որ չեմ ուզում 206 եվրո տուգանք վճարել, այլ այն պատճառով, որ ուզում եմ ես ու իմ շրջապատն առողջ լինենք: Ինչպես այստեղ են ասում՝ Io resto a casa e anche tu resti a casa՝ ես մնում եմ տանը, դուք նույնպես տանը մնացեք»:
Հովհաննեսն ասում է՝ վարակի փոխանցող դառնալու վախն է նաև պատճառը, որ այսօր նա մեկուսացված է Իտալիայում, այլ ոչ Վրաստանում՝ ընտանիքի հետ:
Հովհաննեսը հաճախ է ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով, հայերենով ու վրացերենով դիմում վրաստանաբնակներին, որպեսզի առավել լուրջ վերաբերվեն տանը մնալու հորդորներին, քանի որ հիմա, առավել քան երբևէ, տանը նստելը կյանքեր է փրկում: Նա բերում է իր մի քանի ընկերների ու ծանոթների օրինակը, որոնց մոտ տարբեր ժամանակներում վարակը հաստատվել էր, նրանք բոլորը պայքարում էին կյանքի համար, այսօր արդեն ապաքինվել են: Հովհաննեսը ուշադիր լինելու ու սոցիալական պատասխանատվության կոչ է անում:
Պեզարոյում ավելի քան 200 մարդ արդեն կորոնավարակի զոհ է դարձել: Նախօրեին` մեր հարցազրույցի պահին, 7 նոր զոհի ու 32 նոր վարկվածի մասին էին իմացել:
Այս թեմաներով՝ Ալիք մեդիայի այլ անդրադարձները՝
Տաք ջուր խմելու մշակույթն ու կարգապահությունը նաև փրկեց չինացիներին. հայը՝ չինաստանյան կարանտինում
Կարանտինի համար գերհարմար պայմաններ են. Իտալիայից ժամանած քաղաքացու օրագիրը