Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտն (DRI-ն) այսօր, փետրվարի 3-ին հրապարակել է Վրաստանում 2021 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնության դեպքերի և լրագրողների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ անդրադարձ։
Կազմակերպությունն ընդգծում է, որ հանցագործություն կատարած անձանց պաշտպանության փաստարկը հիմնված է եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության վրա։
Հուլիսի 5-ի առավոտյան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Արժանապատվության երթը» տեղին չէ, և նա կոչ է արել «Արժանապատվության երթի» կազմակերպիչներին երթ չանել Ռուսթավելի պողոտայով։
Ըստ DRI-ի՝ «Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արժանապատվության երթի հետևում կանգնած է Միխեիլ Սաակաշվիլին և ընդդիմությունը, խմբավորումների համար դրդապատճառ էր՝ ուժ կիրառել լրագրողների և մասնակիցների նկատմամբ»:
Վրաստանի գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն, հետաքննություն է սկսվել 2021 թվականի հուլիսի 5-6-ը կազմակերպված բռնության հետ կապված 6 քրեական գործով։
Գործը դատարանում քննվում է 31 անձի նկատմամբ։ Հայտնի է, որ տուժել է 59 ֆիզիկական և 1 իրավաբանական անձ։
DRI-ն նշում է, որ հուլիսի 5-ին իրականացված բռնությունից անցել է ավելի քան վեց ամիս, սակայն մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկումը դեռևս հաստատված չէ։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:
Իսկ հուլիսի 6-ին կազմակերպվեց խաղաղ ցույց ի աջակցություն տուժած լրագրողների և ԼԳԲՏ համայնքի։ Բախումներ տեղի ունեցան նաև այս ակցիայի ժամանակ, վիրավորվեցին մի քանի ոստիկան և լրագրող: