
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում գնահատական է տվել «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքներին:
Կրիվոշեևի խոսքով, ինքը չի կարող մտաբերել մի խորհրդարան, որն այնպիսի մասշտաբով և արագությամբ է ընդունել դրակոնային օրենքներ, ինչպես դա անում է «Վրացական երազանք»-ի խորհրդարանը։
«Մենք աշխատում ենք այս տարածաշրջանի ուղղությամբ և տեսել ենք, որ շատ խորհրդարաններ ընդունում են դրակոնյան օրենքներ, բայց ես չեմ հիշում, որ խորհրդարանն անի դա այս մասշտաբով և այսքան արագ, այսքան կարճ ժամանակում: Վրաստանի կառավարությունը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերվում է որպես մի բանի, որը ինքը կարող է որոշել, թե երբ մարդիկ կարող են դրանք իրականացնել, իսկ երբ՝ ոչ: Այս նոր օրենսդրությունը նույնպես համահունչ է դրան։ Սահմանափակում են խաղաղ բողոքի իրավունքը, արտահայտվելու իրավունքը։ Մենք տեսել ենք հարձակումներ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության վրա և այն ամենը, ինչը հակասում է հանրային տարածքը վերահսկելու նրանց ցանկությանը` թիրախավորվում է», — ասել է Կրիվոշեևը։
Նրա խոսքով, Amnesty International-ն անհանգստացած է` տեսնելով, թե ինչպես է «Վրացական երազանք»-ը խստացնում կանոնները, որոնք կարգավորում են այնպիսի բաներ, ինչպիսիք են հանրային տարածքը և մարդկանց բողոքի ակցիաներ անելու և խոսքի ազատության իրացման իրավունքն ու կարողությունը:
«Այժմ մենք տեսնում ենք արգելքների հետ կապված տուգանքների ավելացում, որոնք ինքնին ընտրովի են և հակասում են Վրաստանի միջազգային պարտավորություններին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք մեծացնում և ընդլայնում այս դրակոնյան կանոնների և դրանց կիրառման մասշտաբները», — հավելել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը: