Վրաստանի դպրոցներում աշխատում է 60 հազար 444 ուսուցիչ, նրանցից կեսից ավելին ավագ ուսուցչի կարգավիճակ ունի: Նշված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության 2023 թվականի հաշվետվության մեջ:
Վերոնշյալ տվյալներով 1 362-ը պրակտիկոս ուսուցիչ է, 41 հազար 709-ը՝ ավագ, 9 112-ը՝ առաջատար, 770-ը՝ մենթոր, 722-ը՝ փնտրող, 6 767-ը՝ առանց կարգավիճակի: Համակարգում կա նաև 2 226 հատուկ ուսուցիչ, այդ թվում՝ 638 պրակտիկոս, 1 493՝ ավագ, 10՝ առաջատար, 85՝ առանց կարգավիճակի:
Հաշվետու ժամանակահատվածում ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի համաձայն, կարգավիճակը փոխել է 4 719 ուսուցիչ (402՝ մենթոր, 1 571՝ առաջատար, 2 746՝ ավագ)։ 357 հատուկ ուսուցիչ ստացել է կարգավիճակ, 186-ը՝ պրակտիկոս է, 156-ը՝ ավագ հատուկ ուսուցիչ և 5-ը՝ առաջատար հատուկ ուսուցիչ:
Փնտրող ուսուցչի ծրագրի ակադեմիական դասընթացը հաջողությամբ ավարտել է 392 ապագա ուսուցիչ: Ծրագրում լրացուցիչ ներգրավվել է 443–ը: Փնտրող ուսուցչի ծրագրի հաջող ավարտի և առարկայական քննությունը հանձնելու արդյունքում 320 ուսուցիչ ձեռք է բերել ավագ ուսուցչի կարգավիճակ։
Նշենք, որ ապրիլի 3-ից Վրաստանում մեկնարկել ուսուցչի առարկայական, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննություններին գրանցումը, որը կավարտվի ապրիլի 15-ի ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության 2023 թվականի թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների) գործող ուսուցիչների կարգավիճակը պահպանել են մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը:
Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը: Ընդգծենք՝ պրակտիկոս ուսուցիչը քննությունը բարեհաջող հանձնելու համար պետք է հավաքի առարկայական քննության (ադրբեջաներենի և հայերենի համար առավելագույն միավորը 70-ն է) 30-տոկոսը, որը հավասար է 1 կրեդիտ միավորի: Պրակտիկոսների համար կրեդիտները բաշխվում են հետևյալ կերպ՝ 1, 4, 7, 10: Ի դեպ, ուսուցիչ դառնալ ցանկացողները պետք է հավաքեն 60+1 տոկոսը (10 կրեդիտ), որպեսզի քննությունը համարվի հաղթահարված: