Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, «մոտ ապագայում կլինի կոնկրետ նախաձեռնություն դպրոցներում սննդի ապահովման լայնածավալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ»։ «Նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում ելույթ ունենալով՝ Ամիլախվարին մանրամասնել է, որ ծրագիրը կհրապարակվի մեկ-երկու ամսից։
«Ուզում եմ հանրությանը խոստանալ, որ առաջիկայում, հավանաբար` մեկ-երկու ամսվա ընթացքում, մենք կկարողանանք մանրամասն ասել՝ կոնկրետ մոդելով, ժամկետներով, թե որ դպրոցում, որ մարզում ինչպես ենք սկսելու դպրոցներում սննդի ապահովման ծրագիրը։ Սա տարիների ընթացքում կուտակված խնդիր է, և մենք պատրաստ ենք արձագանքել այս ամենամեծ մարտահրավերին»,- ասել է Գիորգի Ամիլախվարին։
Հատկանշական է, որ Վրաստանի հանրակրթական դպրոցների միայն 25%-ն ունի բուֆետ։ Մնացած դպրոցներում, այդ թվում, օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում, դպրոցներում ճաշարաններ չկան։ Աշակերտը կամ պետք է սնունդ տանի տնից կամ գնի մոտակայքից, կամ` խնդրի դասընկերոջն իր հետ կիսել տնից բերած սնունդը: