Խորավայի փողոցում դպրոցականների սպանության գործով Վրաստանի Գերագույն դատարանում կողմերը համաձայնության են եկել:
Սպանվածներից Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն, որ ավելի քան երկու տարի պայքարում է որդու սպանության իրական մեղավորներին բացահայտելու համար, այսօր, երբ մեղադրյալ Գիորգի Ջանաշիան (նույն դպրոցից է) խոստովանեց է հանցանքը, ասաց.
«Ինձ համար կարևոր չէ, թե քանի տարվա ազատազրկման կդատապարտեն, կարևոր է, որ մեղավորները բացահայտվեն»:
Դեպքը քննելու համար խորհրդարանում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել:
«Ջանաշիային դատարանը դատապարտել է 11 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավճիռը կրճատվել է համապատասխան` անչափահասների արդարադատության օրենսգրքի համաձայն, նա դատապարտվել է 9 տարի 9 ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանի վճռի համաձայն՝ Ջանաշիան հանցանք է գործել խմբակային՝ չբացահայտված անձի հետ միասին», — ասել է գործի դատախազը:
2017 թվականի դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին` դասամիջոցի ընթացքում Թբիլիսիի 51-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների միջև զուգարանում կռիվ էր սկսվել: Նրանք պայմանավորվել էին դասերի ավարտին հանդիպել դպրոցի հետնամասում:
Նույն օրը` ժամը 14:00-ին, դպրոցի մոտ հավաքվել են նաև 11-րդ դասարանցիները և նրանց ընկերները: Հարաբերությունները պարզելու համար տղաներն ընտրել են Խորավա փողոցի բնակելի տներից մեկի բակը: Վիճաբանությանը հետևել է ֆիզիկական բախում, կռվի ընթացքում աշակերտներից մեկը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Դավիթ Սարալիձեին և Լևան Դաթունաշվիլիին, ապա փախուստի դիմել: Ստացած վնասվածքներից Լևան Դաթունաշվիլին մահացել էր մինչ հիվանդանոց տեղափոխելը, իսկ Սարալիձեն երկրորդ օրը՝ հիվանդանոցում:
2017թ-ի դեկտեմբերի 2-ին իրավապահները Թբիլիսիում ձերբակալեցին Գ.Ջ.-ին: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Հեռակա մեղադրանք է ներկայացվել նաև երկրորդ կասկածյալին, թեև իրավապահներին մինչ օրս նրա գտնվելու վայրը պարզել չի հաջողվել: