Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Դմանիսի քաղաքի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի վրա հարձակման գործով դատախազությունը երկու անձի նկատմամբ հեռակա մեղադրանք է առաջադրել։
«Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, անցյալի թշնամանքի պատճառով սպանության մտադրությամբ, մեքենայով հետապնդել են դեպի Դմանիսի ավտոմեքենայով ընթացող տուժողին և մի քանի անգամ կրակել մեքենայի ուղղությամբ»,- RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ նշել են դատախազությունից:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ի» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով: Նրանց սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում։
Ի դեպ, Տատուաշվիլին հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 1-ին։ Ըստ նրա՝ հարձակումը կապված է 2020-2021 թվականների և այժմյան իր քաղաքական գործունեության հետ։