Էթնիկ, թե՞ կենցաղային կոնֆլիկտ. Դմանիսիի միջադեպի հետքերով

Կոնֆլիկտը հանգուցալուծված է. ասում են Դմանիսիում մոտ մեկ օր տևած բախումների կողմերը՝ ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչներն ու էկո միգրանտ ազգությամբ վրացիները՝ Սվանեթիի բնակիչները, ովքեր Դմանիսի գյուղում հող են մշակում:

«Շարունակել խաղաղ համակեցությունը, խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած էթնոսի ներկայացուցչի հետ». սա է կողմերի մոտեցումը, որ արձանագրվել է հատուկ հանդիպման ժամանակ՝ տեղական  ինքնակառավարման, խորհրդարանի անդամների, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև ադրբեջանական  համայնքի հոգևորականների կողմից:

Կարծիքներ

Խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին նախօրեի կոնֆլիկտը համարում է կենցաղային, իսկ այսօրվա շարունակությունը՝ կազմակերպված:

«Հուսանք՝ սրա պատասխանը կստանանք: Այս մարդիկ այստեղ կհաշտվեն, նրանց ընտանիքներն այստեղ են ապրել ու կապրեն: Որոշ երիտասարդների արյունը եռում է, կարծում են՝ ինչ-որ բան է կատարվում, սակայն սա ընդամենը կենցաղին հողի վրա զարգացած կոնֆլիկտ էր»,- այսպես է արձագանքել հարցին Սուբարին:

Բախումների վերաբերյալ անդրադարձերի հետ կապված մեկնաբանություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին․

«Բոլորս վրացիներ ենք, էթնիկ ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեր քաղաքացիները: Չի կարելի կոնֆլիկտն այնպես ներկայացնել, կարծես երկիրը քանդվում է: Ցավոք, մարդիկ, հեռուստաընկերությունները լուսաբանում էին միջադեպն այնպես, կարծես երկրում մեծ դժբախտություն է տեղի ունենում, վրացիները սպանում են ադրբեջանցիներին, կամ հակառակը՝ ադրբեջանցիներն են սպանում վրացիներին»:

Մայիսի 17-ին բախումների հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Վրաստանի քաղաքացիական հավասարության ու ինտեգրման պետնախարարությունը: Հաղորդագրության մեջ դրական է ներկայացված պետության արձագանքը` որակելով «տեղին, արագ»: Նաև, նշվում է, որ այս կոնֆլիկտի պատճառները փնտրելիս պետք է բացառել էթնիկ պատկանելությունը:

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը, կոչ  է արել սադրանքների չտրվել ու քաղաքական պատասխանատվություն ցուցաբերել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան մարմինների հետ, հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Դուք մշտապես եղել եք Ադրբեջան-Վրաստանի բարեկամության վառ օրինակ: Դեսպանությունը միշտ պատրաստ է այս կարևորագույն առաքելությունն իրականացնելուն աջակցել»:

Սպեցիֆիկ շրջանը

Դմանիսին քաղաք է Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում, Հայաստանի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա: 2014թ. տվյալների համաձայն՝ 19 141 բնակիչ ունեցող քաղաքը հիմնականում ադրբեջանաբնակ է, նրանք կազմում են բնակչության 65,46 %-ը, իսկ 33,15 %-ը՝ վրացիներ են: Այս շրջանն առանձնահատուկ է էթնիկ բազմազանությամբ ու էթնիկ փոքրամասնությունների համակեցության օրինակով:

Տեղացի, ազգությամբ ադրբեջանցիները մեզ հետ զրույցում նշում են, թե նման խնդիր տարածքում միշտ էլ եղել է, ու տեղի ունեցածը որակում են էթնիկ հողի վրա հրահրված կոնֆլիկտ:

Քաղաքագետ, գրող Դավիթ Զուրաբիշվիլին իր հոդվածներից մեկում գրում է, որ նման դեպք տեղի է ունեցել 1989 թվականին ևս.

«Մառնեուլիում զոհեր չկան, մահացել է երկու թաթար: Այս արտահայտությունը լսել եմ իմ ականջներով 1989թ. հունիսին, ժողովրդական ֆրոնտի հանրահավաքին, մեծ համերգասրահում, որ հիմա Իվենթ հոլ է կոչվում»:

Մանրամասներ

Մայիսի 16-ին Դմանիսիի էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած էկո միգրանտների միջև վիճաբանությունը վերածվել էր մահակներով ծեծկռտուքի, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կան տուժածներ: Իրավիճակը լարվել է երեկոյան, պարետային ժամի պայմաններում: Վնասվել է առևտրի կենտրոնը, որի մոտ սկսվել էր բախումը:

Առավոտյան Դմանիսիի գյուղերից ադրբեջանցիները եկել են աջակցություն հայտնելու նախօրեին տուժած անձանց, ինչից հետո նորից բախումներ են տեղի ունեցել կողմերի միջև:

Ոստիկանությունը կենդանի պատ է ստեղծել տարածքում, սակայն իրավիճակը կայունացնել չի հաջողվել, ժամեր անց բախումները վերսկսվել են, ինչից հետո տարածվել է ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը.

«Մայիսի 16-ին, Դմանիսիում, տեղացիների միջև կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ընդհարում, ինչը վերածվել է խմբակային բռնության: Ոստիկանությունը պարզել է առճակատման մեջ ներգրավված անձանց, հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

Դմանիսիում առճակատման կրկնությունը կանխելու և իրադարձությունների արհեստական ​​սրացումից խուսափելու համար ՆԳՆ աշխատակազմը մոբիլիզացվում է և պահպանում հասարակական կարգը», — ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Իրավիճակը հանդարտվել է, երբ տարածք են այցելել Վրաստանի Ներքին գործերի նախարարն ու ադրբեջանցի հոգևորականներ։

ՆԳ նախարարն անդրադարձել է հարցին՝ արդյոք կան ձերբակալվածներ: Ըստ նրա՝ դեռևս հարցաքննություն է ընթանում:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։