Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։
Բրենդային գազալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի արժեքը գերազանցել է 4,40 լարին։
Վրաստանի նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ երրում դիզվառելիքի պակաս կա, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ադրբեջանից և Ռուսաստանից ներմուծման զգալի ուշացումներով։
«Այսօր մեզ դիզվառելիքի հիմնական մատակարարը Ադրբեջանն է։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը չի կարողանում մեզ դիզվառելիք մատակարարել, որի հիմնական պատճառը Ադրբեջանում նավթավերամշակման գործարանի վերազինումն է։
Ռուսաստանը, որպես ագրեսոր երկիր, այժմ պատերազմի մեջ է, և այդ վառելիքը օգտագործվում է պատերազմի համար։ Ընթացքի մեջ է նաև բերքահավաքի գործընթացը, որն իր հերթին մեծ քանակությամբ դիզվառելիք է պահանջում»,- ասել է Մվրալաշվիլին։
Ըստ նրա՝ ի վերջո, այս երկու գործոնները հանգեցրել են Վրաստանում դիզվառելիքի դեֆիցիտի, հետևաբար՝ գների բարձրացման.
«Ակնհայտ է, որ Վրաստանը հնարավորություն ունի անցնելու այլընտրանքային մատակարարների, սակայն դրանց գինը շատ ավելի թանկ է»։