Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը տարածել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնած «օտարերկրյա գործակալների օրենքի» վերաբերյալ Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների բացասական արձագանքի մասին։
Կոբախիձեն դիվանագետների բացասական արձագանքը որակել է «հայտարարություն՝ զուրկ որևէ փաստարկից և հիմնավորումից»։
«Վրաստանում վերջին տարիներին ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին։ Նրանք փորձում են համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրենսդրական գործընթացին, թելադրել վրաց ժողովրդի ընտրած խորհրդարանին, թե որ օրենքներն ընդունել, որոնք՝ ոչ։
Թեև քաղաքական ընդդիմությանը փոխարինելու այս պրակտիկան չի համապատասխանում դիվանագիտության չափանիշներին, սակայն հաշվի առնելով ընդդիմության քաղաքական և ինտելեկտուալ ռեսուրսների սղությունը, մենք դա կարող ենք որոշ չափով հասկանալ», — նշված է վարչապետի նամակում։
Ի դեպ, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապրիլի 11-ին, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյոք իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» կարող է խոչընդոտ դառնալ Վրաստանի անդամակցությանը, նշել է, որ օրինագիծն անհամատեղելի է եվրոպական նորմերի և արժեքների հետ։ Նա ընդգծել է, որ Եվրախորհուրդը կդժվարանա օրինագծի ընդունումը դրական գնահատել։
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» է անցկացվել:
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: