Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը դիտարկում է նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։
Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը նախատեսում է երկրում զարգացնել այս ոլորտը և դարձնել տարածաշրջանում «ավիացիոն հանգույց», քանի որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքները բավարար չեն:
Ըստ նրա՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ և նախատեսում է օտարերկրյա փորձագետներ հրավիրել նախագծին ծանոթանալու համար, որպեսզի ուսումնասիրեն նախատեսված վայրը` մինչև վերջնական որոշում կայացնելը:
«Մենք վերջին տարիներին նկատում ենք, որ ամեն տարի երկրում ունենք ուղևորահոսքի գրեթե 25 տոկոս աճ։ Իհարկե, սա շատ լավ է։ Վրաստանի օդանավակայաններից ուղիղ չվերթեր են իրականացվում աշխարհի 58 քաղաքներ, և մենք կանոնավոր օդային հաղորդակցություն ունենք աշխարհի 31 երկրների հետ։
Ուստի հիմա կսկսենք ուսումնասիրությունը, ինչպես նշեցինք, կհրավիրենք աշխարհի առաջատար ավիացիոն խորհրդատվական ընկերություններին, կներգրավենք նրանց, կանցկացնենք շատ մանրամասն ուսումնասիրություն և հետո վերջնական որոշում կկայացնենք։ Թբիլիսին ու երկիրը պետք է ունենան լավագույն օդանավակայաններից մեկը»,- ասել է Ղարիբաշվիլին։