Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից հետո սկանդինավյան-բալթյան ութնյակի (NB8) անդամները համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Վրաստանում ստեղծված իրավիճակի՝ «ճգնաժամի» վերաբերյալ: Սկանդինավյան-բալթյան ութնյակը Վրաստանի իշխանություններին կոչ է արել դիտարկել նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հնարավորությունը։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակով», — ասված է դեկտեմբերի 29-ին հրապարակված հայտարարության մեջ։ Սկանդինավյան-բալթյան ութնյակը միավորում է ութ պետություն՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Իսլանդիա, Դանիա:
Համատեղ հայտարարության տեքստը տարածել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, ըստ որի` նրանք հայտարարել են. «Մենք արդեն պահանջել ենք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից առաջ նկատված խախտումների մանրակրկիտ և անաչառ քննություն։ Մենք դատապարտում ենք բռնությունն ու ահաբեկումը խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և դատապարտում ենք նախագահ Զուրաբիշվիլիի դեմ ուղղված սպառնալիքները: Որպես Վրաստանի վաղեմի բարեկամներ և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների կողմնակիցներ՝ մենք անհանգստացած ենք, որ երկիրը գտնվում է խորը բևեռացման և ճգնաժամի ճանապարհին», — ասված է համատեղ հայտարարության տեքստում։
8 երկրների հայտարարության համաձայն, Վրաստանին հրատապ անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու ելք՝ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար։
Բալթյան և սկանդինավյան երկրները Վրաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այդ թվում՝ իրականացնելով ԵԱՀԿ նախընտրական առաջարկությունները և դիտարկելով այդ առաջարկությունների հիման վրա նոր ընտրությունների հնարավորությունը:
Վրաստանի խորհրդարանի շենքում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Երդմնակալությանը չեն մասնակցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ. հրավիրված չեն եղել Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները:
5-րդ լեգիտիմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նաև ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և մեծ թվով միջազգային գործընկերներ վիճելի են համարում Կղավելաշվիլիի լեգիտիմության հարցը։
Արդեն 32 օր է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջը Վրաստանի օրակարգ չի ներառվի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը։
Կղավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց միլիարդատեր նախկին վարչապետ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: Պատժամիջոցները վերաբերում են նաև Credit Suisse-ի հետ ունեցած վեճին։