«Դին գրուպ» ՍՊԸ-ի 25 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Վախթանգ Ամաշուկելին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն է նվիրաբերել 60 հազար լարի, տեղեկացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Ըստ TI-ի՝ դեռևս 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ամաշուկելին 15 հազար 500 լարի է նվիրաբերել իշխող կուսակցությանը:
Նույն տվյալների համաձայն, 2015-2024 թվականներին «Դին գրուպ» ՍՊԸ-ն 94 մլն լարիի պետական գնումներ է ստացել։ TI-ը նաև նշել է՝ «Դին գրուպ» ՍՊԸ-ն 45 հազար լարի է ստացել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրից։
ՀԿ-ի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում հստակ սահմանվել է «Վրացական երազանք»-ի խոշոր դոնորների կապը պետական գնումների և բիզնեսի սուբսիդավորման գործող պետական ծրագրերի հետ։ Կազմակերպությունը նշել է, որ շատ դեպքերում կառավարության կողմից ընկերություններին վճարվող խոշոր գումարների շահառուները «Վրացական երազանք»-ի դոնորներն են։
«Այս հանգամանքները հիմնավոր կասկած են հարուցում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ, ինչը էականորեն վնասում է հավասար ընտրական միջավայրին», — գրել է TI-ը: