
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, դիմակ կրելը երեխաների առողջության վրա բացասական ազդեցություն չի թողնում: Գամկղրելիձեն այս հայտարարությամբ անդրադարձել է ծնողների մի մասի դիրքորոշմանը, ըստ որի` երեխաների համար դիմակ կրելը վտանգավոր է:
«Գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում` աշխարհում հանրային առողջության ամենահզոր հաստատության` Ամերիկայի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 6 տարեկանից երեխաներին թույլատրվում է դիմակ կրել և դա ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում երեխայի առողջության վրա»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Նրա խոսքով, եթե երեխան ունի որևէ հիվանդություն, բժշկի համապատասխան որոշմամբ կարող է հրաժարվել դիմակ կրելուց:
Հիշեցնենք, որ այսօրվանից ամբողջ Վրաստանում վերականգնվում է դպրոցների աշխատանքը: Դպրոցի տարածքում 5-12-րդ դասարանների աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր է: