Այսօր կարող եմ ասել, որ դիմադրության շարժումը սկսվել է, տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է՝ լիովին համերաշխ է խաղաղ, սահմանադրական դիմադրության շարժման հետ և կլինի նրանց կողքին այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել գլխավոր նպատակին՝ Վրաստանը վերադարձնել եվրոպական ուղի։
Զուրաբիշվիլին ասել է՝ հանրային հատվածում շարժում է սկսվել, որն աստիճանաբար ընդգրկում է ողջ Վրաստանը։ Ըստ նրա՝ պետական հատվածում աշխատող մարդիկ չպետք է լքեն իրենց պաշտոնները, այլ պետք է շարունակեն այս բողոքը։
Քաղաքացիները երկրորդ օրն է բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։