Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Ախալքալաքի ՀԷԿ-ի կողմից կազմակերպված գեղարվեստական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակների են արժանացել Դիլիսկայի, Օրջայի և Կորխի դպրոցների 24 աշակերտ, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Երկիր մոլորակի օրվա կապակցությամբ, որն ամեն տարի ապրիլի 22-ին նշվում է աշխարհի 190 երկրներում, Ախալքալաքի ՀԷԿ-ի նախաձեռնությամբ մունիցիպալիտետի Դիլիսկա, Օրջա և Կորխ գյուղերի 4 հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացվել է «Ես և մաքուր միջավայրը» նկարների մրցույթը։ Մրցույթին մասնակցել է չորս դպրոցի 257 աշակերտ։
Պարգևատրման արարողությանը հրավիրված էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։
Մրցույթը կազմակերպող ընկերության տնօրեն Նուգզար Ճեիշվիլին հրավիրված հյուրերի հետ միասին մրցանակներ է հանձնել մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներին։ I-V դասարանների աշակերտները ստացել են Samsung 7 light, իսկ VI-XII դասարանների աշակերտները՝ Samsung A8 պլանշետներ՝ ընկերության վկայականների հետ։