
Դիլիֆ գյուղի ճանապարհները շարունակում են անբարեկարգ վիճակում մնալ՝ ազդելով համայնքի բնակիչների կյանքի որակի վրա։
«Դիլիֆ գյուղի ճանապարհները հիմնականում վատ վիճակում են՝ փոսոտ, խճապատ, որոշ հատվածներում էլ՝ ամբողջությամբ քանդված։ Ասֆալտապատ է միայն գյուղի սկզբից մինչև մեջտեղի հատվածը, իսկ մնացած հատվածները լուրջ վերանորոգման կարիք ունեն։ Արևային ու չոր եղանակին փոշի է բարձրանում, իսկ անձրևների և ձմռան ժամանակ ճանապարհները դառնում են ցեխոտ և դժվարանցանելի», — ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Հիշյալ համայնքում վերջին անգամ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարվել են 4-5 տարի առաջ։ Գյուղացիների կարծիքով, բարեկարգ ճանապարհ չունենալու հիմնական պատճառներն են ֆինանսավորման բացակայությունը, տեղական իշխանությունների անուշադրությունը և շինարարական աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպումը։
Բնակիչներն ընդգծում են՝ վատ ճանապարհները խոչընդոտում են գյուղի ներսում և գյուղից դուրս տեղաշարժին, հատկապես անձրևների ժամանակ ու ձմռան ամիսներին։ Տրանսպորտային միջոցները հաճախ են շարքից դուրս գալիս․ հատկապես բերքահավաքի ժամանակ մթերքի տեղափոխումը դառնում է լուրջ խնդիր։
«Մենք բազմիցս ենք դիմել տեղական իշխանություններին հարցին լուծում տալու համար, սակայն ամեն անգամ տուն ենք վերադառնում տված լոկ խոստումներով․ ճանապարհների վերանորոգման ծրագրերը կամ հետաձգվում են, կամ մնում միայն խոստումների մակարդակում», — ասում է Դիլիֆի բնակիչը։
Հարցի առնչությամբ «Ալիք մեդիան» կապ է հաստատել գյուղապետ Հովհաննես Գրիգորյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է շարունակել Դիլիֆ գյուղի ճանապարհների ասֆալտապատումը, սակայն, թե երբ կսկսվեն աշխատանքները, նա հստակ ժամկետ չնշեց։
«Մեզ հայտնի է, որ ծրագրում կա ասֆալտապատման շարունակությունը, բայց կոնկրետ ժամկետներ առայժմ չեմ կարող ասել», — ասաց գյուղապետը։
Խնդիրը հուզում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ՝ երիտասարդներին։ Դիլիֆ գյուղի բնակչուհիներից Օֆելյա Կիրակոսյանը նշում է, որ իրավիճակը հնարավոր է փոխել, եթե բոլորը համախմբվեն՝ միասին պահանջելով խնդիրների լուծում։
«Եթե համայնքի բոլոր բնակիչները միասնաբար դիմեն իշխանություններին, հնարավոր է, որ հարցն ավելի շուտ լուծվի», — ասաց նա։
Բնակիչները, տեղական իշխանություններից պահանջում են՝ պետական բյուջեից ֆինանսավորում հատկացնել գյուղական ճանապարհների համար, օգտագործել որակյալ տեխնիկա և նյութեր։ Նրանց խոսքով, գյուղում բոլորը պատրաստ են աջակցել ցանկացած նախաձեռնության՝ կազմակերպչական աշխատանքներից մինչև ֆոնդհայթայթում։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան