
Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում` վրաց-օսական շփման գծում, որտեղ ռուս սահմանապահները վերսկսել էին փշալարերի տեղադրումը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն են ժամանել:
Վրաց պաշտոնյաների հետ շփման գիծ են ժամանել Ավստրիայի, Էստոնիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Իսրայելի, Բրազիլիայի և Ճապոնիայի դեսպանները:
Էստոնիայի դեսպան Կայի Կարելսոնն իրավիճակը համարում է «սողացող անեքսիա», որը հակասում է միջազգային իրավունքին և կոպտորեն խախտում է մարդու իրավունքները:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն վրացական իշխանություններն այս իրավիճակում, դեսպան Կարելսոնը պատասխանել է, որ այս դեպքում արդյունավետ կլինի միջազգային հանրության ակտիվ աջակցությունը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ: