Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը Իլիայի պետական համալսարանում ունեցած ելույթում իր ափսոսանքն է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի հասցեին հայտնված ապատեղեկատվության կապակցությամբ։
Դեսպանը նշել է, որ այսօր ապատեղեկատվությունը հետևում է բոլորին, և «մենք վատ ենք պատրաստված ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
«Եվ, ցավոք, դա տեղի է ունենում այստեղ՝ Վրաստանում։ Շատ ապատեղեկատվություն կա այն մասին, թե ինչ է նշանակում դառնալ ԵՄ անդամ. Դրանցից մեկն այն է, թե (ԵՄ անդամ դառնալը-հեղ.) նշանակում է հրաժարվել ինքնությունից, ինչը լիովին կեղծ է»,- ասել է դեսպանը:
Դաննիգանը «սրտաճմլիկ» է անվանել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների մասին տարածվող ապատեղեկատվությունը. «Ցավոք, ապատեղեկատվություն կա Միացյալ Նահանգների և Վրաստանի հարաբերությունների վերաբերյալ. ոմանք պնդում են, թե մենք համաշխարհային պատերազմի կուսակցություն ենք, կամ փորձում ենք հեղափոխություն անել այս երկրում, որ մենք մութ մտադրություններ ունենք, և դա լսելը ցավալի է»:
Դեսպանի խոսքով, 32 տարվա ընթացքում ԱՄՆ-ն 6 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին։ Հետևաբար, հիասթափեցնող է լսել մի պատմություն, որը «փորձում է նկարել այլ պատկեր, որը մենք գիտենք, որ կեղծ է»:
Նա կրկնել է՝ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում վրաց ժողովրդին, Եվրամիության անդամ դառնալու նրա ձգտումներին և ամրապնդելու քայլերը եվրատլանտյան ուղղությամբ:
Նշենք, որ վերջին շրջանում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հակաարևմտյան նարատիվներ է տարածում: Մասնավորապես, ապրիլի 29-ին, «գործակալների օրենքի» աջակիցների առաջ ելույթ ունենալով՝ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ, օլիգարխ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, թե «2008 թվականին Արևմուտքը Վրաստանին ներքաշել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»: Իվանիշվիլին ասել է նաև, թե կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որն այժմ փորձում է Վրաստանին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմ և Վրաստանում «երկրորդ ճակատ» բացել: