Դեսպանատները պահանջում են ազատ արձակել Ամաղլոբելիին

Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի (MFC) անդամ 14 երկրների դեսպանությունները հունվարի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին:

X-ում Միացյալ Թագավորության դեսպանատան տարածած  համատեղ հայտարարության տեքստում նշվում է Ամաղլոբելիի գործի վերանայման մասին: Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի անդամներն ասում են, որ խիստ անհանգստացած են Ամաղլոբելիի վիճակով։

«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ևս նշել է, որ Ամողլոբելիի նախնական կալանքն անհիմն է։ Սա Վրաստանում լրագրողներին ահաբեկելու ևս մեկ անհանգստացնող օրինակ է, որը սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունն ու արտահայտվելու իրավունքը: Միևնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ ոչ մի ոստիկան չի հեռացվել կամ պատասխանատվության ենթարկվել ցուցարարների նկատմամբ համակարգային բռնություններից հետո», — ասվում է 14 երկրների դեսպանատներ հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների ազատության կոալիցիան Վրաստանի կառավարությանը ևս մեկ անգամ կոչ է անում «ապահովել այն լրագրողների իրավունքները, ովքեր իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում՝ բողոքի ցույցերը լուսաբանելիս, ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել»:

Ստորագրող երկրներն են՝ Ավստրիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա:

Ամաղլոբելին արդեն 20-րդ օրն է, ինչ հացադուլ է անում՝ հրաժարվելով դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերները հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ: 

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին պահանջում են նրան ազատ արձակել։

Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։