Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և իր խոնարհումը բերեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր հայրն անդրադարձավ Հայաստանում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորեց աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորեց եղբայրական Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությունը, որը հայ ժողովուրդի կողմից երախտագիտությամբ է հիշվում:
Դեսպան Սադոյանն իր ելույթում նշեց, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը համախմբեց ողջ աշխարհի հայությանը, տասնյակ երկրների ու գործիչների։ Նա նշեց, որ անկախ նրանից, թե քանի տասնամյակ կանցնի, միևնույն է հայ ժողովուրդը մշտապես մեծ ցավով է հիշելու այդ աղետալի իրադարձությունը և ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։
Ելույթ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ով նշեց, որ վրաց ժողովուրդը կիսում է իր հայ եղբայրների ցավը։