Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ երեք տարվա ընդմիջումից հետո չինական China Southern Airlines ավիաընկերությունը վերադարձել է վրացական ավիաշուկա։ China Southern Airlines-ն այսօր իր առաջին թռիչքն է իրականացրել Չինաստանի Ուրումկի քաղաքից դեպի Թբիլիսի։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների օպերատոր կազմակերպություն TAV Georgia-ի ղեկավարությունը, Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության և ավիաընկերության ներկայացուցիչներ։
China Southern Airlines-ը ձմեռային սեզոնի ընթացքում շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, թռիչքներ կկատարի Ուրումկի-Թբիլիսի-Ուրումկի ուղղությամբ, իսկ ամառային սեզոնին ծրագրում է ավելացնել հաճախականությունը՝ ըստ պահանջարկի:
Ի դեպ, TAV Georgia-ն ADP Group-ի անդամ TAV Airports Holding-ի դուստր ձեռնարկությունն է: Վրաստանում նրա գործունեությունը սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։ Վրաստանում 220 միլիոն դոլարի ներդրման արդյունքում 2007 թվականին շահագործման են հանձնվել Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների նոր ուղևորային տերմինալները։
2016-2017 թվականներին կատարված ներդրումների արդյունքում ավարտվել է գործող թռիչքուղու ամբողջական վերականգնումը և Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կառուցվել է թռիչքների նոր տերմինալ։ Աշխարհի տարբեր երկրներում TAV Airports Holding-ի բազմամիլիոն ներդրումների, օդանավակայանների շահագործման և խելամիտ կառավարման երկարամյա փորձի արդյունքում TAV Georgia-ն Վրաստանի ամենահուսալի, կայուն և դինամիկ ընկերություններից է: Ներկայումս TAV Georgia-ում աշխատում է 1 300 աշխատակից։