
Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր Թբիլիսիի դեղին ավտոբուսները կփոխարինվեն բնապահպանական անվտանգության խիստ նորմերին համապատասխանող տրանսպորտով` խոստանում է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ քաղաքապետի` նպատակը ավտոբուսային ցանցը առավելագույնս հասանելի դարձնելն է, միաժամանակ տրանսպորտային քաղաքականությունն ուղղված է Թբիլիսիում օդի աղտոտվածության և խցանումների խնդրի լուծմանը:
Քաղաքապետարանը ավելի քան 2 տարի է՝ շարունակում է մունիցիպալիտետային ավտոպարկի թարմացման գործընթացը: Ծրագրի արժեքը մոտ 110 մլն. լարի է (36 մլն. դոլար): Տրանսպորտային բարեփոխումներին աջակցում է Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը: Նրանք վարկեր են տրամադրում նոր ավտոբուսների գնման համար, նաև օգնում են քաղաքի համար ընդհանուր տրանսպորտային պլան կազմելու և ավտոբուսային ցանցերի զարգացման հարցում: