Deep State. նոր շահարկման հետքերով

2024 թվականի դեկտեմբերի 20-ին պատերազմից զերծ մնալու համատեքստում` քննադատելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը», Իրակլի Կոբախիձեն խոսեց Deep State-ի («Խորքային պետություն») մասին։ Նույն համատեքստում նա ավելի վաղ խոսել էր նաև «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին։ Վերջինս բուռն քննարկումներ առաջացրեց ԶԼՄ-ներում, ի վերջո սահմանվեց որպես դավադրության տեսություն։

«Կան ուժեր, որոնց մենք անվանում ենք Գլոբալ պատերազմի կուսակցություն, ԱՄՆ-ում նրանց նաև Deep State են անվանում», — ասել էր նա։

Փորձենք հասկանալ՝ ինչ է նշանակում «Դիփ սթեյթ»-ը և ինչ ծագում ունի

Տերմինի ծագումը կապված է Աթաթուրքի Թուրքիայի հետ, ասոցացվում է դավադրության տեսության հետ։

«Դիփ սթեյթ»-ը սովորաբար վերաբերում է կառավարության ներսում գտնվող գաղտնի ցանցին կամ կառուցվածքին, որը բաղկացած է ռազմական, հետախուզական և բյուրոկրատական ​​տարրերից, որոնք գործում են ընտրված պաշտոնյաներից անկախ՝ քաղաքականության վրա ազդեցություն գործելու և իրենց արմատավորված շահերը պաշտպանելու համար: Ստվերային քաղաքական գործողությունները մատնանշող տվյալ տերմինի հայերեն զուգակշիռն է «Խորքային պետություն» կամ «պետություն պետության մեջ»։

Աթաթուրքը հիմնեց աշխարհիկ (սեկուլյար) պետություն, կազմավորվեցին խմբեր, որոնք նվիրվեցին այդ պետության պաշտպանմանը: Նրանց գործունեությունը կապված էր քարոզչության, սպանությունների և քաղաքացիական կառավարությունների ապակայունացման հետ։

Կոբախիձեն, սակայն, «Դիփ սթեյթ»-ի համատեքստում նշեց ԱՄՆ-ն, որտեղ շահարկումները դեռ 1950-ական թվականներից էին սկսել, իսկ ավելի ակտուալ են դարձել Թրամփի նախագահության շրջանում։

Թրամփը իր դեմ դավադրության մեջ հաճախ էր մեղադրում «Խորքային պետությանը», 2023 թվականին նա ներկայացրեց «Խորքային պետության» 10 կետից բաղկացած կազմալուծման ծրագիր, որի մի քանի կետ ենթադրում էր աշխատանքից հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին՝ ընդ որում հեշտացնելով պաշտոնից հեռացնելու ընթացակարգերը։

Դեկտեմբերի 20-ի ճեպազրույցում Կոբախիձեն նշել էր՝ 2019-ին «Գավրիլովի գիշերվա» իրադարձություններից հետո, «Վրացական երազանք»-ը պլանավորում էր ՆԳ նախարարի պաշտոնից ազատել Գիորգի Գախարիային, սակայն «Խորքային պետության» միջամտությամբ վերջինս մնաց իր պաշտոնին։

Իրակլի Կոբախիձեն Թրամփի մահափորձում էլ մեղադրել էր «Խորքային պետությանը»։

«Չորս տարվա ընթացքում Deep State-ը քանդում էր ԱՄՆ-ն, անարդար որոշումները սրա հետևանքն են։ ԱՄՆ-ն պետք է ազատվի ոչ ֆորմալ ազդեցությունից», — նշել էր Կոբախիձեն։

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան