Կալիֆորնիայի դատարանը մերժել է վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի հայցը՝ Netflix-ի միջնորդությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դատարանը Գափրինդաշվիլիի օգտին որոշում է կայացրել։
BLB իրավաբանական ընկերությունից, որը պաշտպանում է Գափրինդաշվիլիի շահերը, ասում են, որ դատավորը «արտահայտվելու ազատության պաշտպանության մասին» Netflix-ի փաստարկն անհիմն է համարել:
Նշենք, որ Netflix-ը պահանջել էր դադարեցնել Գափրինդաշվիլիի հայցադիմումի հիման վրա ընթացող վարույթը՝ պատճառաբանելով, որ ֆիլմում առկա արտահայտությունը, որի պատճառով վրաց շախմատիստուհին հայց էր ներկայացրել, խոսքի ազատության սահմաններում է։
Դատական գործի առարկան հայտնի The Queen’s Gambit («Թագուհու քայլը») հեռուստասերիալի դրվագն է, որտեղ ասվում է, որ Նոնա Գափրինդաշվիլին երբեք չի մրցել տղամարդկանց հետ, ինչը, ըստ Գափրինդաշվիլիի, չի համապատասխանում իրականությանը։ The Queen’s Gambit հեռուստասերիալի մեկնաբանը Նոնա Գափրինդաշվիլիի մասին ասում է, որ նա կանանց շրջանում աշխարհի չեմպիոն է, բայց երբեք չի մրցել տղամարդկանց հետ, թեև խաղացել է տասնյակ շախմատիստների հետ։ Նոնա Գափրինդաշվիլին Netflix-ից պահանջում է 5 մլն դոլար՝ սխալն ուղղելու և փոխհատուցելու համար։
Աշխարհահռչակ շախմատիստուհին հույս ունի հաղթել այս գործընթացում և շնորհակալություն է հայտնում ամերիկյան դատարանին՝ շախմատային լեզվով «դեբյուտային հաղթանակ» համարելով առաջին որոշումը։
«Ես Նոնա Գափրինդաշվիլին եմ, ես վրացի եմ։ Այո, իմ կարիերայի ընթացքում ես մրցել եմ տղամարդկանց հետ և հաճախ հաղթել նրանց, ուստի պատիվ եմ ունեցել լինել տղամարդ շախմատիստների շարքում առաջին կին գրոսմայստերը», — ասել է շախմատիստուհին։