Դավիթ Կիրթաձեն տուգանվել և հեռացվել է ԿԸՀ-ից

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն տուգանվել է 500 լարիի չափով «Հանձնաժողովի գործառույթներին ու գործունեությանը միջամտելու համար»։

Ըստ ԿԸՀ-ի լրատվական ծառայության՝ այս որոշումը ինքնաբերաբար կհանգեցնի նրան, որ նա հեռացվի հանձնաժողովից։ Կիրթաձեն նաև առաջիկա 4 տարիներին իրավունք չի ունենա լինելու ԿԸՀ-ի որևէ մակարդակի հանձնաժողովի անդամ։

Նոյեմբերի 16-ին ընտրությունների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ում վիճաբանություն էր սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ էր լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը կարճ ժամանակով դադարեցվել էր։ Կալանդարիշվիլին հանդիպման էր վերադարձել մեկ աչքը վիրակապած։

ԿԸՀ-ն միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին խնդրել է գնահատել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի դեմ «վարկաբեկման և ահաբեկման արշավը»։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչել է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, իսկ չորս ընդդիմադիրները միասին ունեն 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։

Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։