«Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել` ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա:
Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն, հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:
Տեղեկատվության համաձայն, վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: Նաև պարզ չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է ընթանում հետաքննությունը:
«Վրաստան — Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Նրան տեսակցել են ՆԳՆ և Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ, վիրավորվածի առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- «Նեթգազեթի» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։