Դատախազությունն առգրավել է Գախարիայի վրա հարձակման ձայնագրությունները

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնած «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարում է` կուսակցության նախագահ վրա հարձակումից հետո «Շերատոն Բաթումի» հյուրանոցը հրաժարվում է տրամադրել տեսախցիկների ձայնագրությունները։

Կուսակցության հայտարարության համաձայն՝ «Շերատոն Բաթումի»-ից տեղեկացել են, որ դատարանի որոշմամբ դատախազությունն առգրավել է ձայնագրությունները, այդ թվում՝ սերվերները։

«Գիորգի Գախարիայի վրա կազմակերպված հարձակումից մինչ օրս «Շերատոն Բաթումի» հյուրանոցի ղեկավարությունը հրաժարվել է մեզ տրամադրել տեսագրությունները, որոնց   ստանալու իրավունք ունենք», — հայտնել են կուսակցությունից։

Նշում են` Գախարիայի վրա հարձակման գործը տեղափոխվել է դատախազություն՝ նախաքննության։

«Շերատոն»-ից տեղեկացրել են, որ դատախազությունն առգրավել է ձայնագրությունները, այդ թվում՝ սերվերները. կոշտ սկավառակները նույնպես տարել են։ Նշվում է նաև՝ ձայնագրության պատճենն այլևս չկա։

«Այս ամենը վկայում է հետաքննության և «Շերատոն»-ի համակարգված գործողությունների մասին, որոնց նպատակն է ոչնչացնել ապացույցները։ Մեր ունեցած տեղեկություններով՝ «Շերատոն»-ը հանցագործության ակտիվ մեղսակիցն է։ Բացի այդ, դա մեծ վտանգի տակ է դնում սերվերներում գտնվող օգտատերերի անձնական տվյալները», — ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում