
Վրաստանի դատախազությունը կարմիր շրջաբերականով արդեն դիմել է Ինտերպոլին՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիի հետախուզման հարցով։
«Որքան ինձ հայտնի է, համապատասխան գերատեսչությունը, կառուցվածքային ստորաբաժանումն արդեն դիմել է կարմիր շրջաբերականի՝ Բաչիաշվիլիի հետախուզման համար», — լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Միխեիլ Սադրաձեն:
Դատարանը Բաչիաշվիլիի 2,5 մլն լարիի գրավը փոխարինել է ազատազրկմամբ. մարտի 6-ին կայացած դատական նիստում դատավոր Գիորգի Գելաշվիլին ընդունել է դատախազի միջնորդությունը։
Արդյունքում՝ Բաչիաշվիլիի 2,5 մլն լարի գրավն ապահովելու համար կալանք դրված անշարժ գույքը կփոխանցվի Կատարման ազգային բյուրոյին՝ «գումարը վերականգնելու նպատակով»։
Նախօրեին՝ մարտի 5-ին, Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել նոր հանցագործության՝ սահմանի ապօրինի հատման համար, և այս գործով էլ դատապարտվել է ազատազրկման։
Բաչիաշվիլին մարտի 4-ին գրել էր, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։
Բաչիաշվիլիին արգելված էր լքել երկիրը և հատել Վրաստանի սահմանը 2023 թվականի հուլիսից, իսկ նրա վրացական և ռուսական անձնագրերն առգրավվել էին։
Բաչիաշվիլին մարտի 4-ին ասել էր, որ օգտագործել է «համակարգի թերությունները» երկիրը լքելու համար: ՆԳՆ-ի վերջին հայտարարությունը նա դեռ չի մեկնաբանել։
Ուշագրավ է, որ Բաչիաշվիլիի «փախուստը» ՀՀ-ով՝ իշխանական փորձագետի համար հարմար «առիթ» էր հակահայ գրառում անելու համար: Բաչիաշվիլիին դատախազությունը երրորդ մեղադրանքն է առաջադրել: