
«Թբիլիսիի մարդու իրավունքների տուն»-ը (Human Rights House Tbilisi) և նրա անդամ կազմակերպությունները արձագանքել են դատախազության կողմից «Մարդու իրավունքների տան» հաշիվների առգրավմանը և ընթացող հետաքննությանը։ Հայտարարության մեջ ասված է, որ երեկ իրենց է փոխանցվել գործի վերաբերյալ քաղաքային դատարանի վճիռը։
«Մեր գնահատմամբ՝ և՛ դատախազության իրականացրած հետաքննությունը, և՛ գույքը բռնագրավելու որոշումը անհիմն են և անօրինական: Սա «Վրացական երազանք»-ի անօրինական ռեժիմի հերթական կանխամտածված հարձակումն է իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների վրա, ինչը ակնհայտորեն ներկայացնում է երկրում իրավապաշտպան գործունեությունը էլ ավելի սահմանափակելու փորձ։
Մենք իրավապաշտպան կազմակերպության կողմից տուգանքների վճարումը համարում ենք համերաշխության արտահայտություն։ Մարդկանց աջակցելն ու պաշտպանելը վրացական մշակույթի և ավանդույթի անբաժանելի մասն է»,- ասված է հայտարարության մեջ։
«Մարդու իրավունքների տունը ներկայումս վճարել է 365 վարչական տուգանք՝ ընդհանուր 843 հազար 747 լարի»,- հայտնել են կազմակերպությունից։
Կազմակերպությունը նշել է, որ պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքը, և կարծում է, որ գործող վարչական օրենսդրությունը ներկայումս չի ապահովում այդ իրավունքի պատշաճ իրականացումը։
Ըստ կազմակերպության՝ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ընթացակարգային մասը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին, պարունակում է մարդու իրավունքներին անհամաչափ միջամտության սպառնալիք, մեծացնում է ոստիկանության կամայականության և վարչական տուգանքների անհիմն կիրառման ռիսկերը։
Կազմակերպությունը կոչ է արել.
- Դատախազությանը` անհապաղ դադարեցնել հետաքննությունը և վերացնել կազմակերպության հաշիվների սառեցումը, որպեսզի կազմակերպությունները կարողանան անարգել շարունակել իրավապաշտպան գործունեությունը,
- Վերաքննիչ դատարանին` վերանայել և վերացնել քաղաքային դատարանի ապօրինի և անհիմն որոշումը։
Նշենք. Human Rights House Tbilisi-ն հիմնադրվել է 2010 թվականին հինգ հասարակական կազմակերպությունների կողմից՝ նորվեգական Human Rights House հիմնադրամի աջակցությամբ։