
Բաթումիի քաղաքային դատարանը կալանքի տակ թողեց «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։
Այս որոշումը մարտի 4-ին նախաքննական նիստում հրապարակեց դատավոր Վիկտոր Մետրեվելին, որ դատավոր է նշանակվել 2,5 ամիս առաջ։
Ամաղլոբելիի փաստաբաններն այսօր միջնորդել են վերացնել իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը, իսկ Ամաղլոբելիին ազատ արձակել:
Դատախազները հայտարարեցին, որ դեռևս կա «սպառնալիք», թե Ամաղլոբելին «նոր հանցագործություններ կանի» և «վկաների վրա կազդի», ուստի պետք է մնա կալանքի տակ։
Ամաղլոբելիի փաստաբան Մաիա Մծարիաշվիլին հայտարարել է, որ մեղադրող կողմը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ հիմնավորելու այդ պնդումները։
Սակայն դատավորն ընդունել է դատախազության դիրքորոշումը և չի բավարարել միջնորդությունը. Ամաղլոբելիին կրկին կալանքի տակ է թողել։
Որոշման հրապարակմանը դահլիճում ներկաները արձագանքել են բողոքի բացականչություններով։
Դատական նիստը, ներառյալ ընդմիջումները, տևել է 7 ժամ։
Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով: Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։