Թբիլիսիի քաղաքային դատարանն անընդունելի է ճանաչել «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հայցը, որով պահանջվում էր ընտրացուցակների վերստուգման հնարավորություն։
«Կա ԿԸՀ-ի, դատախազության և դատարանի համակարգված գործողություն, որի նպատակն է ընտրակեղծիքների ապացույցներն ամբողջությամբ «երազանքի» հսկողության տակ թողնել»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
Ընդդիմադիր հիշյալ ուժը դատարանի միջոցով փորձում էր ընտրացուցակների վերստուգման նպատակով ԿԸՀ-ին պարտավորեցնել տվյալների բազան պահել սերվերներում և քվեարկության մեքենաներում։
«Ցուցակներն այսօր կամ վաղը հրապարակվելու դեպքում, կլինի հիմնավոր ենթադրություն՝ մանիպուլյացիաների մասին։ Ճշմարտությունը հնարավոր կլինի պարզել միայն միջազգային հետաքննության միջոցով», — նշել են կուսակցությունից։
Վրացի վերլուծաբանները վրացական դատարանների կայացրած որոշումները որակում են ոչ ժողովրդավարական:
«Ցավոք, դատարանն անկախ չէ․ կախման մեջ է «Վրացական երազանք»-ից: Ինքս չեմ վստահում Վրաստանի դատարանին, որը կայացնում է կողմնակալ, քաղաքական որոշումներ: Հայցերի անբավարար ճանաչումը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Եթե դատարանն իրեն համարում է ժողովրդավարական, ապա պետք է անսա հասարակության հիմնավոր կասկածին, որ ընտրությունները կեղծված են, պետք է ամեն ինչ անի՝ հաստատելու, կամ հերքելու այն», -«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով՝ եթե դատարանը թաքցնում է խնդրի առկայությունը, ապա վախի մթնոլորտում է գործում:
Հիշեցնենք՝ ընտրություններից հետո միայն Թեթրիծկղարոյի դատարանն է չեղյալ համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով։
Զաքարեիշվիլին անդրադառնալով Թեթրիծկղարոյի դատարանի որոշմանը, ասաց, որ դատավորն ազնիվ է գտնվել իր աշխատանքը կատարելիս:
«Պարզ է՝ ժողովրդավարական Վրաստանը կարևոր է եղել նրա համար․ արդյունքում կատարվել է հետաքննություն՝ պարզելու ընտրություններում ձայնի գաղտնիության խախտումը», — ընդգծում է վերլուծաբանը:
Զաքարեիշվիլիի համոզմամբ՝ նախադեպը պետք է տարածվի Վրաստանի ողջ ընտրատարածքներում, որպեսզի դատական մակարդակով պարզ դառնան ընտրությունների արդյունքների կեղծումը՝ նոր ընտրությունների անցկացման հնարավորություն ընձեռելով:
«Ապարդյուն է իրավական դատավարության մեջ փնտրել «կախարդական» դրույթներ՝ հուսալով, թե ավտորիտար ռեժիմի հետ իրավական պայքարում (հատկապես դատական կլանի պայմաններում) դա նշանակություն կունենա»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին Մելաշվիլին:
Ըստ նրա` հիմա ավելի կարևոր է ընդդիմադիր դաշտի համախմբումն ու միասնական քայլերով պայքարը։