Դատարանի «ազդեցիկ խումբը» Իվանիշվիլիի անօրինական իշխանության աղբյուրն է. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան պնդում է, որ իշխող կուսակցությունը և դատարանի «ազդեցիկ խումբը» քաղաքական կոռուպցիայի և Բիձինա Իվանիշվիլիի («Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ- խմբ.) անօրինական իշխանության աղբյուրն են։ Այս գնահատականը Գախարիան տվել է Twitter-յան իր միկրոբլոգում։

Ըստ նախկին վարչապետի՝ նրանք միտումնավոր վնաս են հասցնում Վրաստանի եվրաինտեգրման շահերին:

«Վրաստանի կառավարությունն աջակցում է պատժի տակ գտնվող դատավորներին։ Մենք ականատես ենք իշխող կուսակցության և դատական ​​համակարգի միջև սահմանի վտանգավոր լղոզմանը»,- գրել է Գախարիան։

Հիշեցնենք. ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։

ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ