Դատարանը ժամանակավոր կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը կրճատելու որոշումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանը բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի հայցը և ժամանակավոր կասեցրել է Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) որոշումը՝ դադարեցնելու իր դրամաշնորհային համաձայնագիրը:

Դատարանը մարտի 25-ին վճռեց չդադարեցնել USAGM-ի կողմից «Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագիրը: Լրատվամիջոցի պնդմամբ` համաձայնագրի դադարեցումը նախապայման է կազմակերպության փակման գործընթացը սկսելու համար:

Սակայն սա վերջնական որոշում չէ, և գործը դեռ քննության փուլում է։

Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն»-ի ավելի քան 1300 աշխատակից մարտի 15-ին վճարովի վարչական արձակուրդ է ստացել, իսկ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը կրճատվել է: Այս լուրը մեծ արձագանք ստացավ նաև Վրաստանի քաղհասարակության շրջանում և սոցցանցերում ու քաղաքական հարթակում, քանի որ երկու լրատվամիջոցներն էլ գործում են նաև Վրաստանում: